Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Արտահերթ: Հարկադիր: Սահմանադրորեն տրված 45 օրում, նախագահից ստանալով կառավարություն կազմելու մանդատը՝ վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն չկարողացավ կառավարություն կազմել հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան մտած չորս ուժերից: Հունիսին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրդական կուսակցությունը մտավ Ազգային մեծ ժողով, կառավարող «Արդարացում և զարգացումը» չստացավ բավարար ձայներ միայնակ կառավարություն կազմելու համար: Ընտրություններում հաղթած կուսակցությունը հանգիստ կարող էր կոալիցիա կազմել մյուս երեք ուժերից մեկնումեկի հետ տեսականում, իրականում բավարար էր մեկը, ասենք, «Գորշ գայլերը»: Տարբերակ էր նաև, որ միմյանց միանային երեք ուժերը և իշխանական կուսակցությունը դառնար փոքրամասնություն ու ընդդիմություն: Բայց այս կամ հնարավոր այլ տարբերակներից ոչ մեկը չընտրվեց: Ի սկզբանե ակնհայտ էր, որ նախագահ Էրդողանը չի հրաժարվելու Թուրքիան նախագահական դարձնելու իր ոսկե երազանքից, հետևաբար նրան պետք է բացարձակ մեծամասնություն՝ հիմա և այստեղ, այսինքն՝ սահմանադրորեն տրված ժամանակը օգտագործվելու է բանակցելու համար, բայց բանակցությունները լինելու են ձևական և չեն հանգեցնելու կառավարության ձևավորման, ուրեմն ելքը նոր ընտրություններն են: Բայց հանձնարարված ելքը դա չէր, հանձնարարված ելքը նոր ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակն էր՝ մեծամասնության ապահովումով, որպեսզի Էրդողանը կարողանար միակուսակցական կառավարություն կազմել: Ավելին՝ առանց տարատեսակ ազգային փոքրամասնությունների կուսակցությունների ու անհատ պատգամավորների: ՈՒժեղ Թուրքիան ցանկացած իշխանություն պատկերացրել է միայն թուրքերից ու թուրքերի համար: Նոր ընտրություններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ճանապարհը փակելու համար նախագահը գնաց իր նախնիների ճանապարհով: Հարյուր տարի առաջ կար Առաջին համաշխարհային պատերազմը և Թուրքիան իրեն հասու միջոցներով «լուծեց» հայկական հարցը: Հիմա քրդերի հերթն է, մի թեթև պատերազմ հրահրելը մեր ժամանակներում բարդ գործ չէ: Կազմակերպում ես ահաբեկչություն, հետո սկսում ես ահաբեկչության «կազմակերպիչներին» ձերբակալել, ի վերջո ազգայնական տրամադրությունները այն նուրբ, բայց ազդեցիկ լարն են, որի վրա Թուրքիայի իշխանությունները միշտ են խաղացել: Իհարկե, զոհեր կլինեն, նաև թուրքեր կզոհվեն, բայց մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում, կարևորը ծրագրված արդյունքն է, որին հասնելու միջոցների մեջ խտրություն դնելը ոչ միայն քաղաքական կարճատեսություն է, այլև ավելորդ հումանիզմ: Ի վերջո, հենց զոհերի առկայությունն է, որ թուրք ընտրողներին ընտրատեղամասերում ուղղորդելու է երկրում կայունություն ապահովող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայներ տալուն: Սա է Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաշվարկը: ՈՒզո՞ւմ եք խժդժությունները, ահաբեկչությունները, բախումները դադարեն, ուզո՞ւմ եք Թուրքիա թուրքերի համար, ընտրեք «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Ռիսկայի՞ն է: Իհարկե, չի բացառվում, որ խաղը հակառակ ընթացքն ունենա, բայց ով ռիսկի չի դիմում, հաջողության չի հասնում: Հաղթանակ է պետք, իսկ հաղթանակի ճանապարհը դա է: Եթե իշխանությունը առաջնորդվեր Սահմանադրությամբ ու ժողովրդավարության սկզբունքներով, նոյեմբերի արտահերթ ընտրություններն ավելի անկանխատեսելի արդյունքներ կարող են տալ, քան հունիսին էր: Քաղաքականության մեջ փոքր հաղթանակը դուռ է բացում մեծ հաղթանակների առաջ, փոքր պարտությունը սկիզբն է մեծ պարտության: Էրդողանը հմտորեն օգտագործում է տարածաշրջանում ստեղծված վիճակը, քրդական հարցն ու գործոնը՝ ոչ միայն վերստանալու համար նախահունիսյան հնարավորությունները, այլև՝ նոր հնարավորություններ իրագործելու Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելու իր ծրագիրը: Սա է ամբողջ պատմությունը՝ մի գնդակով երկու նապաստակ: Իսկ եթե վրիպի՞: Մինչև նոյեմբեր համարյա երկու ամիս ժամանակ կա՝ ստեղծելու պայմաններ, որ վրիպումը բացառվի, իսկ եթե ոչ, նախագահը հանգիստ կարող է արտակարգ դրություն մտցնել երկրում ու անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները: Ազգամիջյան բախումները ի վերջո կանեն իրենց գործը և սպիտակ ձին ինքն իրեն կգա նախագահական նոր նստավայր, որտեղ, ի տարբերություն նախորդի, չկան խավարասերներ, որոնցից այնքան վախենում է Թուրքիայի նախագահը՝ իր խոստովանությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Հունիսյան ընտրություններից հետո շատերն էին կանխատեսում, որ Թուրքիայում նոր ժամանակներ են սկսվում, նոր Թուրքիան համարվում էր անխուսափելի ապագա: Գուցե: Բայց այդպես կարծողները բացահայտորեն թերագնահատել էին Թուրքիայի նախագահի ու վարչապետի, իշխող կուսակցության քաղաքական խարդավանքների կարողությունը և իշխանության մնալու բուռն ցանկությունը: Նոր Թուրքիան դեռ թույլ է ինքն իրեն պաշտպանելու համար, փաստացի իշխանությունը կարողանում է երկիրը զարգացումի ու ժողովրդավարության ճանապարհից հետ պահել՝ մխրճելով ազգայնականության ու թշնամանքի հորձանուտը: Կտրոհվի՞ Թուրքիան, թե՞ կմնա միասնական պետություն: Որոշողը թուրքերն են, մեզ համար կարևորը մեր հողերն են: Պատմական Հայաստանի տարածքներում ոչինչ չի կարող մեզ համար կարևոր չլինել: Անկախ քրդական պետության կամ ինքնավարության ստեղծման դեպքում ի՞նչ ընթացք է ունենալու հայկական հարցը: Հարյուր տարի այս ուղղությամբ ի՞նչ արեցինք ու ի՞նչ ենք անելու ևս հարյուր տարի, եթե ունենանք այդքան ժամանակ: Ե՞րբ ենք հասկանալու, որ ժամանակներն արագացել են: